Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
«Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:
Դեսպան Սիմիչևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք՝ ընդլայնելու մեր համագործակցությունը և որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ, սակայն դեռևս բավական չօգտագործված ներուժ կա առավել ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է դեսպանը և վստահեցրել, որ կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները: Երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից կարևորվել են ինչպես բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության առաջմղման ուղղությամբ ջանքերի ներդրումը:
Կողմերը երկուստեք ընդգծել են, կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ քայլերի նախաձեռնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն առանձնահատուկ ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման առկայությունը: