Մեդվեդևը Մերցին նացիստ է անվանել՝ Ղրիմի կամուրջը ոչնչացնելու առաջարկի համար

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայի հավանական նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին նացիստ է անվանել՝ Ղրիմի կամուրջին հարվածելու գաղափարի համար և հիշել է նրա հոր հիտլերյան անցյալը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցին հետապնդում են հոր հիշողությունները, ով ծառայում էր Հիտլերի Վերմախտում: Այժմ Մերցն առաջարկում է հարվածել Ղրիմի կամրջին: Երկու անգամ մտածիր, նացի՛ստ»,- գրել է ռուս քաղաքական գործիչը X-ի իր էջում:
Ավելի վաղ Գերմանիայի ապագա կանցլերի ամենահավանական թեկնածու Ֆրիդրիխ Մերցը, որը մայիսին կգլխավորի Գերմանիայի նոր կառավարությունը, թույլատրել էր Taurus թևավոր հրթիռների մատակարարումը Կիևին՝ պայմանով, որ այդ զինատեսակների փոխանցումը համաձայնեցվի Եվրամիության գործընկերների հետ։