Մարդիկ մինչև ձեր իշխանության գալն ապրում էին Արցախում, իրենց տներում, աշխատում էին, բարիք ստեղծում. Աբրահամյան

mixcollage-30-mar-2025-02-32-pm-7042-770x_

Երբ իշխանական մունետիկները փորձում են սոցիալական տարբեր ծրագրերն արցախցիների վրա որպես լավություն «ծախել», իսկ նրանց` սեփական օջախներ վերադառնալու ցանկությունը` որպես «թշնամական գործողություն» կամ «պատերազմի հրահրում» ներկայացնել, սա ինքնին ցույց է տալիս սրանց բարոյական բնութագիրն ու քաղաքական տհասությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մարդիկ մինչև ձեր իշխանության գալն ապրում էին Արցախում, իրենց տներում, աշխատում էին, բարիք ստեղծում:

Հիմա ձեր իշխանությանը հետևանքն այն է, որ նախ պատերազմ ստացանք, հետո պարտվեցինք, Քաշաթաղի, Քարվաճառի, Աղդամի շրջանները հանձնվեցին, հետո բլոկադա եղավ, իսկ վերջում Արցախի նկատմամբ նոր ագրեսիա եղավ և մարդիկ բռնի տեղահանվեցին:

Ի՞նչ է ստեղծված իրավիճակում անում կապիտուլյանտների ոհմակը. թիրախավորում է իր քաղաքականությունից ամենաշատը տուժած և էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցներին և փորձում նրանց իրավունքների պաշտպանության ու վերականգնման պայքարը որպես անվտանգության սպառնալիք ներկայացնել:

Սա պաշտոնական անփութություն չէ, տգիտություն չէ, սա կոնկրետ ոճիր է սեփական ժողովրդի դեմ»,-գրել է նա: