Հուսով եմ՝ դատարանը կմերժի Մարտուն Գրիգորյանի հորը կալանավորելու միջնորդությունը, մեղադրանքը ծիծաղելի է. փաստաբան

Հուսով եմ՝ դատարանը կմերժի Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ վարչական վերահսկողություն խափանման միջոցի կիրառումը. նրան կալանավորելու հիմք չկա, ծիծաղելի է մեղադրանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կամո Գրիգորյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը:
«Հուսով եմ, որ ընտրությունների շեմին այդ շինծու, արհեստական գործով չի հաջողվի ճնշում իրականացնել, ինչը ներկայիս վարչախումբը փորձում է իրականացնել։ Նախկինում ընտրություններից առաջ նմանատիպ դեպքերի ականատես ենք եղել Վանաձորում, Վարդենիսում և այլ վարչական շրջաններում։ Այս անգամ մարտավարությունը փոխվել է, ընտրությունների նախօրեին է արվում՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար»,- ասաց նա:
Փաստաբանը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի հաջողության հասնել, և կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրն արդեն ազատության մեջ կլինի:
«Այն, ինչ իրականացվում է Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ՝ քաղաքական իրավունքների սահմանափակում է։ Եթե քննիչի միջնորդությունը բավարարվի, սա ոչ միայն քաղաքական, այլև կենսական շատ իրավունքների սահմանափակում է»,-ասաց Հարությունյանը։
Ավելի վաղ իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի ձերբակալման հիմքերը վերացել են, սակայն նա գտնվում է անազատության մեջ, դատարանն էլ, հրատապ նիստ նշանակելու փոխարեն, այն նշանակել է մարտի 28-ին, ժամը՝ 11:30-ին։