Հանցագործության դեպքերի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ. Դատախազությունը հրապարակել է 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով:
Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12 հազար 848 դեպք, 2024 թվականին՝ 12 հազար 253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք):
Հանցագործությունների դեպքերի նվազմանը զուգընթաց՝ 2024 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ:
Համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 22.1%՝ 2023 թվականի 18.7%-ի դիմաց։