Հայր ու որդի մեկ օրվա տարբերությամբ վրաերթի են ենթարկվել նույն վայրում

screenshot-1_27-770x_

Այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը երեկ, նույն վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և մինչ բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները արձանագրել էին հետիոտնի մահը, վարորդը այնուհետև ահազանգել էր ոստիկանության Սևանի բաժին։