«Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը հայտարարում է նոր մրցույթ երկու խորագրով՝ նվիրված Մեծ Հայրենականի 80-ամյակին (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը հայտարարում է նոր մրցույթ, որը վերաբերելու է Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին:
Մրցույթն անցկացվելու է երկու խորագրի ներքո՝ «Հաղթանակն իմ արխիվներում» և «Փոքրիկ Արցախը՝ մեծ հաղթանակի համար»:
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը նշեց. «Մենք՝ երիտասարդներս, չենք կարող առիթը բաց չթողնել՝ ևս մեկ անգամ խոսելու Հայաստանի և Արցախի հայորդիների մասնակցությամբ ունեցած հաղթանակների մասին և հայտարարում ենք նոր մրցույթ, որը վերաբերելու է Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին: Մեզ համար շատ կարևոր է, առավել ևս հիմա, խոսել հաղթանակների մասին, որովհետև այսօր Հայաստանի համար շատ կարևոր են հաղթանակները, հիշել դրանք, որ ունենանք հավատ և հավատք, քանի որ դրանք կրկնվելու հատկություն ունեն»:
Խոսելով ծրագրի մանրամասների մասին՝ նա ասաց, որ մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկություն կհայտնեն խոսել իրենց պապիկների սխրանքների մասին:
«Այս ծրագրի իմաստն այն է, որ մոռացության չմատնվեն մեր պապերի սխրանքները: Ծրագիրը լայնամասշտաբ է լինելու, ձևավորել ենք կազմկոմիտե, ունենք ներկայացուցիչներ: Մեկնարկից հետո կձևավորվի ժյուրիի կազմը, որում ներգրավված կլինեն «Հայաստան-Արցախ»-ի երիտասարդները և մի շարք ոլորտներից հեղինակավոր անձինք»,- ասաց նա:
Մրցույթի կազմկոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Ստեփանյանն էլ նշեց, որ մրցույթն անցկացվելու է երկու խորագրերի ներքո:
«Առաջինը՝ «Հաղթանակն իմ արխիվներում», հնարավորություն է տալու ներկայացնել բանաստեղծություններ, պատմվածքներ, լուսանկարներ, նամակներ և այլ փաստավավերագրական կամ ստեղծագործական նյութեր, որոնք ժառանգության են հասել մեր երիտասարդներին պատերազմում անմահացած կամ մասնակից հերոսներից:
Երկրոդ թեման՝ «Փոքրիկ Արցախը՝ մեծ հաղթանակի համար», որը կվերաբերի Արցախի հերոսներին և նրանց մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.