Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը. Արարատ Միրզոյան

l-cmskvsamzw-770x_

Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Այս մասին Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ եթե հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։

«Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը:

Ես արդեն հնարավորություն ունեցա նշելու տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկի մասին: Եվ նաև կարող եմ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։  Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին»,–ասել է նա։