Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին, մեր կամքը անկոտրում է, հրաժարականը՝ անխուսափելի. Առաջին հայկական ճակատ

482031593-1258591126275142-713147387847357928-n-770x_

Առաջին հայկական ճակատը (FAF) տեղեկացրել է, որ ՀՊԼ «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման հետևանքով ձերբակալվել է հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագու։

«Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։

Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է», – ասված է հաղորդագրությունում։

Նախօրեին հաղորդվել էր, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Խաղն ընդհատվել էր երկրպագուների կողմից իրականացվող ակցիայի պատճառով: