Կամբոջայում առնետը Գինեսի ռեկորդակիր է դարձել

Կամբոջայում Ռոնին մականունով հնգամյա առնետը գերազանցել է ականներ, չպայթած պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համաշխարհային ռեկորդը՝ այդպիսով հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում: 2021 թվականի օգոստոսից հատուկ վարժեցված կրծողը հայտնաբերել է 109 ական և 15 այլ տեսակի զինամթերք, գրել է Bild-ը։
Այս տեսակի առնետները հատուկ վարժեցվում են բելգիական «Ապոպո» հասարակական կազմակերպությունում՝ ականներ հայտնաբերելու համար: Առնետները զգում են քիմիական նյութեր. եթե կրծողը պայթուցիկ է գտնում, սկսում է փորել գետնին:
Կենդանիներին տանում են երկար թոկին կապած, ինչպես որոնող շներին։ Բայց, ի տարբերություն շների, առնետները շատ թեթև են, և երբ դրանք կանգնում են ականի վրա, դրանք չեն պայթում, ինչն առնետներին մեծ առավելություն է տալիս։ Նման կրծողներն աշխատում են օրական ընդամենը 30 րոպե, իսկ մնացած ժամանակն անցկացնում են իրենց համար բնական վարքագծին համապատասխան:
Այս պահին, ըստ «Ապոպո»-ի, աշխարհում աշխատում է մոտ 300 նման առնետ։ Ռոնինը դրանցից ամենաարդյունավետն է կազմակերպության պատմության մեջ։
Կամբոջան մնում է աշխարհի ամենաշատ ականապատված երկրներից մեկը։ Ականների մեծ մասը դրվել է այսպես կոչված Կարմիր կխմերների բռնապետության ժամանակ՝ սկսած 1975 թվականից։