Խայտառակություն է, ո՞նց հրդեհի մեքենան չի կարողանում մոտենա շենքին. Խաչատուր Սուքիասյան

Ասում են, որ հրդեհի մեքենան չի կարողանում մոտենալ ձեր շենքին, մենք ձեր ավարտական ակտը չենք ստորագրում: Սա խայտառակություն է: Սա շատ վատ երևույթ է. ՀՀ-ում ցանկացած տնտեսվարող օրենքի սահմաններում պետք է գործի, շինարարություն անի, ինչով ուզենա զբաղվի, որը որ արգելված չէ: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ներկայացնելով կառուցապատողի բողոքը:
«Ինձ համար անընդունելի է, որ ասում են, որ հրդեհի մեքենան չի կարող հասնել: Այս ի՞նչ մոտեցումներ են, կարող է մի հատ էլ ասեն՝ հրդեհի մեքենան գնա հասնի տանիքին: Ամբողջ աշխարհում նորմատիվներ կան: Սա սովետական անընդունելի վարքագիծ է և անընդունելի փոխհարաբերություն է կառուցապատողի հետ: Սա պետք է վերանա մեր երկրում: Ասեք՝ սա է նորմատիվը, գնացեք ձեր գործն արեք:
Մարդը կառուցում, ավարտում է, ասում են ավարտական ակտ չի ստորագրվում: Թող պետական մարմինները դրանով զբաղվեն»,- նշեց նա:
«Եթե մինչև շինարարությունը սկսելը, կառուցապատողը ցույց է տվել նախագիծ, որն իրականության հետ աղերս չի ունեցել, դա կառուցապատողի խնդիրն է: Եթե պարզ է դառնում, որ ոչ թե կառուցապատողն է ժամանակին սխալ նախագիծ ներկայացրել, այլ տվյալ ժամանակարջանում իրադրություն է փոխվել տարածքում և ոչ իր մեղքով, մենք առաջինն ենք արձանագրում և դիմում ենք ՏԻՄ-ին, որ խնդիրը կարգավորեն»,- պատասխանեց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:
«Մենք պետք է խնդրենք, որ այդ ստանդարտները փոխվեն, որոնք որ խանգարում են զարգացմանը»,- արձագանքեց Սուքիասյանը: