«Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների ֆինանսավորմամբ ՀՀ 460 քաղաքացի արտասահմանում կրթություն է ստացել, նրանցից 333-ը չի վերադարձել

bvouher-vousanvogh-770x_

«Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների ֆինանսավորմամբ ՀՀ 460 քաղաքացի արտասահմանում կրթություն է ստացել, նրանցից 333-ը չի վերադարձել ՀՀ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:

ԿԳՄՍ նախարարություն ուղարկված հարցմամբ, Tert.am-ը մասնավորապես հարցրել է՝ «Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների աջակցությամբ քանի՞ քաղաքացի է մեկնել արտասահման ուսում ստանալու նպատակով, նրանցից քանի՞սն է վերադարձել և չվերադարձողներից քանիսն են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի:

«ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ԲԿԳ կոմիտե) առկա «Լույս» հիմնադրամի բաց տվյալների հիման վրա հավաքագրված տեղեկության համաձայն՝ մինչև 2018 թ. Հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն է ստացել ՀՀ 378 քաղաքացի: Նրանցից ՀՀ է վերադարձել 77-ը, չի վերադարձել` 301-ը:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում առկա՝ «Իմ քայլը» հիմնադրամից ստացված պաշտոնական տեղեկության համաձայն, 2018-2021 թթ հիմնադրամի աջակցությամբ արտերկրում կրթություն է ստացել ՀՀ 82 քաղաքացի: Նրանցից ՀՀ է վերադարձել 50-ը, չի վերադարձել` 32-ը»,- ասված է պատասխանում:

Ինչ վերաբերում է, թե քանի պարտադիր ժամկետային զինծառայության տարիքի երիտասարդներ չեն վերադարձել հարցին, նշել են, թե նման տեղեկատվություն չեն հավաքագրում.«ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իրավասությունների շրջանակում «Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների կրթաթոշակի շահառուների (այդ թվում՝ նրանց տարիքի) վերաբերյալ այլ տեղեկություն չի հավաքագրում»։

Նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր որոշմանը և նշել, որ արդյունավետ ծրագիր, մեխանիզմ ունենալու հարցը վաղուց է քննարկվում:  Փաշինյանն ասել էր, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ընդամենը 20 տոկոսն է վերադարձել, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ, արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների՝ 40 տոկոսը: «Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորել»,- ասել էր նա: