Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ

gettyimages-694223488_2-770x_

Հիմա ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հարավային Կովկասի բնակիչների բարգավաճման նոր դարաշրջանին. այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունում:

«ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու կապակցությամբ: Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝  նախագահ Թրամփի`  ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ», – ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան:

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»: