Թnւրքական լրատվամիջոցները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին

mixcollage-12-mar-2025-12-56-pm-2231-770x_

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանաել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել թուրքական տաս լրատվամիջոց:  «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ի՞նչ ասել է նախաձեռնությունը մերն է, ինչպե՞ս են դիմել, նա ասաց. «Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրություններին և ուղարկել են համապատասխան լրագրողների:

Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ»:

Նա նշեց, որ հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ:

Հարցին էլ՝ ո՞ւմ դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել, Գոռ Ծառուկյանն ասաց, որ բոլորը եկել են:

«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- նշեց նա:

Թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին ՀՀ բերելու և վարչապետից հարցազրույց վերցնելու համար, Tert.am-ը գրավոր հարցումով դիմել է վարչապետի աշխատակազմին:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, թե հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին: