Թե՛ Փաշինյանին, թե՛ ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս նորից վերադառնալ 2018-ի իրենց ելույթներին. Արցախի ԱԺ նախկին նախագահ

Նիկոլ Փաշինյանի ասելով չի Արցախի խնդիրը փակվում կամ բացվում, իսկ ինչ մնում է այն թեմային, որ նախկինում այսպես էր լուծված, կամ այնպես էր լուծված արցախյան հարցը, ես խորհուրդ կտայի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր մյուս անդամներին նորից վերադառնալ 2018 թվականի իրենց ելույթներին, Ստեփանակերտում իրենց հանդիպումներին և ելույթներին, և այս ամենը ոչ մեկը չի կարող հիշողությունից ջնջել. այս մասին ասել է օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Երևանի Ազատության հրապարակում հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության մեծ հանրահավաքի մեկնարկից առաջ:
«Այսօր փորձում են այս բոլոր ձախողումները բարդել նախկինների, արցախցիների, աշխարհաքաղաքական մյուս դերակատարների վրա: Իհարկե բոլորս էլ, եթե իրավիճակն այսպիսին է, մեղք ունենք, բայց գլխավոր մեղքն օրվա իշխանություններին է, օրվա պատասխանատուինը», – ասել է Ղուլյանը:
Շուտով Երևանի Ազատության հրապարակում մեկնարկելու է մեծ հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության:
Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը: