Ընդդիմությունը միշտ մեռшծ է ձևանում, երբ ՀՀ շահերի հետ կապված ինչ-որ բան է լինում. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

screenshot-2025-03-26-113514-770x_

Առաջին ընթերցման քննարկման ժամանակ արդեն իսկ հայտարարել ենք մեր դիրքորոշումը և նաև հայտարարել ենք մեր դիրքորոշումը քվեարկությամբ, սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի վերաբերյալ ըստ էության և գլխադասային հանձնաժողովը, և մենք մանրակրկիտ արտահայտել ենք կառավարության և խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը: Այս մասին Եվրոպական Միության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ընդդիմության փաստարկների և հերթական անգամ քվեարկությանը չմասնակցելու, ըստ էության, ոչ մի զարմանալի բան այստեղ չկա, որովհետև ի՞նչ է անում մեր հարգարժան խորհրդարանական ընդդիմությունը, երբ որ որևէ բան, որը ՀՀ իրական շահերի հետ կապ ունեցող է, մեռած է ձևանում ուղղակի։ Այստեղ գալիս են այսպես թրով, բանով ասում են՝ մենք չենք մասնակցելու: Դա ի՞նչ է նշանակում, դրա մեջ մի տեսակ փորձ կա խիզախություն հաղորդելու՝ միևնույն ժամանակ չես կարող խիզախաբար ձեռնպահ լինել, դրա համար մեռած ձևանալը լավագույն բանն է, որ ասես՝ ժողովուրդ ջան, մենք չենք տեսնում սա»,- ասաց նա։

Կոնջորյանը հիշեցրեց, որ երբ Ազգային ժողովը հաստատում էր Եվրոպական Միության դիտորդների տեղակայումը, էլի խորհրդարանական ընդդիմությունը որոշեց գնալ իր հավատարիմ ճանապարհով՝ մեռած ձևացավ։

«Հիմա էլ արդեն խաղաղության համաձայնագրի կոնտեքստում քննարկումների ժամանակ, այս նույն ընդդիմությունը պաշտպանում է և մեղադրում է մեզ՝ թե դուք Եվրոպական Միության դիտորդներին ուզում եք հեռացնել, և իրենք սկսել են հիմա էլ պաշտպանել դիտորդներին, ինչը որ քննադատում էին երկար ժամանակ: Հարգելի՛ գործընկերներ, դուք ուղղակի խճճվել եք, խճճվել եք ձեր իսկ դիրքորոշումների բազմազանության մեջ և ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները և ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին կոտրած տաշտակի առջև կանգնելու ճանապարհով»,- ասաց նա:

Նշենք, որ նախագիծն ընդունվեց միայն իշխող ուժի պատգամավորների 64 կողմ ձայնով, «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց: