Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածում

Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանը, ընդհանուր առմամբ, նման մոտեցումներ ունեն, և դա հաստատված է հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի ղեկավարների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի վերջին հայտարարությունն այն մասին, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում:
«Պայմանագրի համաձայն՝ կողմերը նպաստում են անվտանգության միջոցառումներին սահմանակից հատվածներում, ներառյալ Հարավային Կովկասում, համագործակցում են՝ կանխելու այնտեղ երրորդ կողմի ուժերի միջամտությունն ու ապակառուցողական ներկայությունը: Կարծում եմ՝ այս հասկացության արտացոլումը հիմնարար միջպետական փաստաթղթում, որը նախատեսված է ավելի քան 20-ամյա հեռանկարի համար, շատ բան է ասում: Միակ տարբերությունն այն է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում տրանսպորային ուղիների և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Սոբհանին ասել էր, որ «միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ հանդես գալու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում»:
«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- ասել էր Սոբհանին: