Երևանն ու Աշգաբաթը բանակցում են Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ

4_v1.thumb

Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Թումանյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցելություններ են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։

Իր ելույթի ընթացքում Արտաշես Թումանյանն առանձնացրել է 3 ուղղություն, որոնց շուրջ ընթացել են Թուրքմենստան կատարած այցելությունների ընթացքում տեղի ունեցած բանակցությունները։

«Առաջինը՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել նախապատրաստել գործարք «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման համար, որի հետ կապված տեղի են ունեցել մի քանի փուլերից բաղկացած բանակցություններ։ Դրանց ընթացքում ներկայացվել են հայկական կողմի սպասելիքներն ու տեսակետները և քննարկվել են այդ ծրագրի բոլոր տեխնիկական հատկանիշները։ Ծրագրի էությունը հետևյալն է․ գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան-Հայաստան սահման»,-մանրամասնել է Թումանյանը։

Վերջինս հավելել է՝ քանի որ ծրագրի կարևոր, հանգուցային մասնակիցներից մեկն Իրանն է, բանակցություններ են վարվել նաև Թեհրանի հետ, որի արդյունքներով Իրանը համաձայնություն է տվել այդ ծրագրի իրագործմանը։

«Ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի ձեռքբերում։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է ՀՀ վարչապետի խորհրդականը։

Նրա խոսքով՝ այդ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքով դեպի Վրաստան թուրքմենական գազի արտահանմանը՝ նույն SWOP համակարգի միջոցով։ Թումանյանի բնորոշմամբ՝ այս հարցի շուրջ վրացական կողմը ևս տվել է դրական արձագանք։

«Այս գաղափարի իրագործման դեպքում հետագայում նաև հնարավորություն կստեղծվի թուրքմենական գազը սևծովյան ավազանի երկրների համար հասանելի դարձնելու համար»,-ասել է Արտաշես Թումանյանը։

Վերջինիս խոսքով՝ հայ-թուրքմենական բանակցությունների երկրորդ ծրագիրը վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի գնմանը, որը դրական արձագանք է ստացել Աշգաբաթի կողմից։

«Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը, կարծում եմ, ընդունելի է մեզ համար, սակայն պետք է ասեմ, որ հայկական կողմը դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտել։ Մենք նախ մտածում էինք, որ այն կարելի է օգտագործել Հայաստան-Իրան գազ-էլեկտրաէներգիա ծրագրում, սակայն դրական լուծում դեռևս չունենք»,-նշել է Թումանյանը՝ հավելելով, որ այս թեմայի շուրջ ևս քննարկումներն ընթացքի մեջ են։

Երրորդ ուղղությունը վերաբերում է Թուրքմենստանի նավթագազային համալիրի տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան և, միգուցե, նաև այլ ուղղություններով ձեռքբերման և մատակարարման հնարավորություններին։

«Այստեղ գնդակը մեր դաշտում է։ Մենք պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովենք տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում»,-ընդգծել է Արտաշես Թումանյանը։