Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի կնոջ ընկերությունը գյուղնշանակության հողից ավազ է արդյունահանել. Hetq.am

screenshot-2025-03-10-145418-770x_

Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցները 2025թ. հունվարի 24-ին արձանագրություն են կազմել, որ Նոր Արտագերս բնակավայրում «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից վարձակալությամբ օգտագործվող հողամասում կատարվում են ավազահանման  աշխատանքներ: Պարզվել է, որ ընկերությունը, հողամասն օգտագործելով ոչ նպատակային նշանակությամբ, ավազ է արդյունահանել գյուղնշանակության հողատարածքից: Փետրվարի 3-ին հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Ընկերության տնօրենը կամ ընկերության ներկայացուցիչը նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը 2025թ. մարտի 3-ին որոշել է «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Աննա Գասպարյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ 150․000 դրամի չափով:

Այդ չափի տուգանք է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար:

Նշենք, որ 2024թ. ապրիլի 4-ին «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով տրվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա տեղամասի 4-A բլոկի ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանման թույլտվություն: Տարածքը զբաղեցնում է 2,2 հա:

Հանքավայրը գտնվում է Նոր Արտագերս բնակավայրի վարչական տարածքում, սակայն ամենամոտ բնակավայրը Ջանֆիդա գյուղն է, որից  1 կմ-ից էլ պակաս հեռավորության վրա է գտնվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: