Երրորդ համաշխարհայինի առաջ կանգնած ենք, իրենք ընկել են «Доля воровская»-ի հետևից, քաղաքապետը շատրվանի հետ ի՞նչ կապ ունի. Վարդան Ղուկասյան

screenshot-2-1753695241509-770x_

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է լայն տարածում ստացած քննադատությանը՝ կապված Գյումրու շատրվաններից հնչած երաժշտության հետ։ Նա շեշտել է, որ նման թեմաներով զբաղվելը ընդհանրապես լուրջ չէ, առավել ևս՝ երբ երկիրը կանգնած է գլոբալ խնդիրների առաջ։

«Շատրվանը, ի՞նչ քննադատություն է։ Ի՞նձ են անդրադառնում։ Հավատացեք, չեմ էլ հասցրել նայել։ Ուղղակի ինձ արագ ասեցին, թե սենց, այդպես ինչ-որ բան կա։ Ի՞նչ կա որ։ ՔՊ-ական նախարարներ և այլն, բոլորը անդրադարձե՞լ են։ Ինչի՞ն են անդրադարձել։ Ի՞նչ է եղել, իյա՜: Բայց ինձ ինչի՞ են, օրինակ, ուղղում քննադատությունները։ Ես զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ» ,- ասաց նա։

Ղուկասյանը նշել է, որ ինքը մշտապես շրջում է քաղաքում և չի լսել երբևէ նման երաժշտություն, միշտ դասական երաժշտություն է հնչել, ինչը հաճելի է: «Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ես պետք է ասուլիս տամ։ Իրիկունը ման էլ եմ եկել, չեմ լսել այդպիսի բան։ Պատկերացրեք, դիտավորյալ արեցին։ Հիմա խակերները ինչ ասես կարող են անել։ Կարող եք գուցե ադրբեջանական երաժշտություն դնեն, որովհետև հիմա տեխնիկան այնպես է, որ ամեն ինչ կարող են անել»։

Քաղաքապետը նաև հավելել է, որ ոչ միայն նման դեպքերը կապ չունեն իր հետ, այլ ինքը կապ չունի այդ կյանքի հետ: «Եքա երկիրը, երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կանգնած ենք, իրենք ընկել են «Доля воровская», ես չգիտեմ ինչ բաներ։ Այդ դարերն անցել են։ Քաղաքապետը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Հետո, եթե ես քաղաքապետ եմ, այդ կյանքի հետ կապված ընդհանրապես կապ չունեմ։ Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, 13 տարի քաղաքապետ եմ եղել, դա ինձ հետ ի՞նչ կապ ունի»։

Նա քննադատել է որոշ նախարարների՝ նրանց անվանելով «անհասուն» ու «անդաստիարակ», անդրադարձել է իր նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումներին, վարկային խնդիրներին, ինչպես նաև դատական գործընթացներին։