Եղել է խիստ աշխատանքային պրոցես. Քոչարյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպման մասին

screenshot-2025-01-30-190541-770x_

Ազգային ժողովում ավարտվել է անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը, այն տևել է 4 ժամից ավելի:

«Շատ կոնստրուկտիվ քննարկում էր, շատ կարևոր էր մեզ համար այս քննարկումը, որը տևել է 5 ժամ։ Մեկ ամիս անց կրկին հանդիպում կլինի՝ արդեն որոշ խնդիրներ լուծած վիճակում։ Եղել է խիստ աշխատանքային պրոցես։ Եթե նույնիսկ եղել է բարձր տոնով, չնայած ես նման բան չեմ հիշում, նորմալ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Իհարկե կան ծնողներ, որոնք բավարարված չեն, ի վերջո, որդեկորույս կամ անհետ կորածի ծնող են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ քննարկմանը մասնակից ծնողները գոհ չեն եղել քննարկումից։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ 1 ամիս անց կրկին կհանդիպի անհայտ կորածների ծնողների հետ:

Փակ հանդիպումը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաև ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:

Հանդիպմանը հրավիրված էին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: