Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին», և Աշոտ Կյուրեղյանին

c3cc34e3a979b2010833d7c93adc6f63-xlthumb-770x_

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ «Չաղ Ռուստամին»՝ Ռուստամ Ստեփանյանին և Աշոտ Կյուրեղյանին։ «Փաստինֆո»-ն դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատախազն արդեն վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով փոխարինելու վերաբերյալ որոշումը և նրանց նկտամամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Բողոքներից մեկը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, մյուսը՝ դատավոր Վաչե Մարգարյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին որոշում է կայացրել՝ Ստեփանյանի և Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ ազատ արձակումը լայն քննարկումների տեղիք է տվել, մասնավորապես, շրջանառվում են տեղեկություններ, որ նրա ազատ արձակումը պայմանավորված է սպասվող ընտրություններով, ասել է թե՝ «իշխանությունները մնացել են կրիմինալի հույսին»։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։

ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:

Դեպքից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սպшնության թելերը տանում են դեպի Ռուստամ Ստեփանյան, որն, ըստ շրջանառվող լուրերի, նաև կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Ավելին, «Ֆազ»-ի և «Չաղ Ռուստամի» միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Այժմ, Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով, իսկ ահա կատարողները դեպքից հետո հատել են ՀՀ սահմանը և մեկնել ՌԴ։