Գրենլանդիան պետք է մերը լինի և կարծում եմ՝ կլինի. Թրամփ

donald-trump-could-buy-greenland-again-770x_

Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ինը. այս մասին, politico.com-ի փոխանցմամբ, կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինս Կոգլյանեզին տված հարցազրույցում:

«Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար: Այն մեզ պետք է, այն պետք է մերը լինի: Այն պաշտպանական և հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է», – ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահ չէ, թե արդյոք գրենլանդացիները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ:

«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք և համոզենք նրանց: Տարածքը պետք է մերը լինի, քանի որ առանց դրա հնարավոր չէ պատշաճ կերպով պաշտպանել  Երկրի այս մեծ հատվածը: Այսպիսով, մենք պետք է ունենանք այն, և կարծում եմ, որ կունենանք», – հավելել է նա:

Նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես՝ գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։ Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև «պարզապես ստուգել, ​​թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում»:

«Սա շատ կարևոր է։ Շատ այլ երկրներ սպառնացել են Գրենլանդիային։ Սպառնացել են օգտագործել նրա տարածքներն ու ծովային ուղիները՝ վտանգ ստեղծելու համար Միացյալ Նահանգների, Կանադայի և, իհարկե, Գրենլանդիայի ժողովրդի համար: Ուրեմն մենք կստուգենք, թե ինչպես են գործերն այնտեղ ընթանում», – հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «ամրապնդել Գրենլանդիայի ժողովրդի անվտանգությունը» և որ «Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց»:

«Գրենլանդիան անհավանական վայր է, դրա բնակիչները մեծապես կշահեն, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն չար արտաքին աշխարհից»,- գրել էր նա Truth Social ցանցի իր էջում:

Անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։

2019-ին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ:

Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։

Անցյալ տարեվերջից Թրամփի կողմից շարունակվող հավակնոտ հայտարարությունների ֆոնին՝ Դանիան, որի կազմում ներառված է Գրենլանդիան, փոխել է թագավորական զինանշանը՝ դրա վրա ընդգծելով Գրենլանդիայի խորհրդանիշը (սպիտակ արջը):