Բժիշկը զգուշացրել է քաղցր ըմպելիքների օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

image_750x_67a990b4d8f5f

Քաղցր ըմպելիքների չափից ավելի օգտագործումը ամեն տարի աշխարհում սրտանոթային հիվանդությունների ավելի քան 1,1 միլիոն դեպք է առաջացնում: Ասել է սրտաբան ու ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Ռաշիդ Սոնգուրովը։

 

Նրա խոսքով՝ մեկ բաժակ խաղողի կամ խնձորի հյութը կարող է պարունակել շաքարի օրական պահանջարկի մինչև կեսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս, որ շաքարի ընդունումը չպետք է գերազանցի օրական ընդհանուր կալորիաների 10%-ը, իսկ ավելի լավ է, ոչ ավելի, քան 5%-ը (մոտ 25 գրամ կամ վեց թեյի գդալ):

Այնուամենայնիվ, նույնիսկ մեկ քաղցր ըմպելիքը կարող է արագ գերազանցել այս նորմը, հատկապես, եթե մարդը օգտագործում է նաև մրգեր, աղանդեր և շաքարով հարուստ այլ մթերքներ։

 

Սրտաբանն ընդգծել է, որ նման ըմպելիքները հրահրում են քաշի ավելացում, ինսուլինակայունության զարգացում և նյութափոխանակության խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել շաքարախտի և սրտի հիվանդությունների։

«Շաքարի ավելցուկը նպաստում է տրիգլիցերիդի մակարդակի բարձրացմանը և «լավ» խոլեստերինի (HDL) մակարդակի նվազմանը: Սա մեծացնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը՝ հիվանդություն, որի դեպքում զարկերակների պատերը խտանում են և կորցնում առաձգականությունը, հետագայում հիվանդության առաջընթացը կարող է հանգեցնել ինֆարկտի կամ ինսուլտի», – ասել է Սոնգուրովը «Գազետա»-ի հետ զրույցում։

 

Բացի այդ, շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների մշտական օգտագործումը նպաստում է ներքին օրգանների շուրջ կուտակված ճարպերի ավելացմանը: Հետագայում այն դառնում է սրտի կորոնար հիվանդության պատճառներից մեկը։

Նրա խոսքով՝ քաղցրավենիքի նկատմամբ չափազանց մեծ ցանկությունը կարող է ազդարարել օրգանիզմում այնպիսի տարրերի պակասի մասին, ինչպիսիք են քրոմը, ֆոսֆորը, ծծումբը և տրիպտոֆանը:

Բժիշկ Սոնգուրովը խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել ըմպելիքների բաղադրությունը փաթեթավորման վրա, խուսափել էներգետիկ ըմպելիքներից, փաթեթավորված հյութերից և գազավորված ըմպելիքներից։

Փոխարենը ավելի լավ է նախապատվությունը տալ բնական հավելումներով ջրին՝ կիտրոն, անանուխ կամ վարունգ, ինչպես նաև խմել բուսական և կանաչ թեյ՝ առանց շաքարի։