Բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել. ինչպիսին է գնաճը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Այժմ ներկայացնենք, թե նույն ժամանակահատվածում ինչպիսի գնաճ է գրանցվել ոչ պարենային ապրանքների շրջանում։
Այսպիսով, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով:
2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ոչ պարենային ապրանքները ներառում են նաև վառելիքի տեսակները։
Այսպիսով, 2025թ. փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6% գնաճ և դիզելային վառելիքի 5.0 % գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:
2025 թվականի փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 29.0%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 32.1% գնանկում, ընդ որում, 2025թ. փետրվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 143.1 դրամ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 29․ 03․ 25 թ համարում։