Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան

Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր գյումրեցին իր ընտրությունը կկատարի, վաղը կտեսնեք: Այս մասին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը:
Նա նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման շանսերը 50+1 հավաքելու է:
«Մի քանի ժամ է մնացել, բոլորդ կհամոզվեք: Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»,- ասաց նա:
Երբ Մինասյանն ասաց, որ այլևս հարցերի չի պատասխանի, լրագրողները հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյա՞նն է խորհուրդ տվել հարցերի չպատասխանել, Մինասյանն ասաց. «Ինձ խորհուրդ միայն ընտանիքիս անդամները կարող են տալ: Կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք, բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենանք»: