Բայրամովը եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Նշվում է, որ Բայրամովը հյուրերին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրողությունների մասին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ է իրականացնում ՛՛ազատագրված տարածքներում՛՛ (չակերտները-խմբ.), ինչպես նաև ակտիվորեն զբաղվում է ՛՛մարդասիրական ականազերծմամբ՛՛։
Հաղորդվում է նաև, որ Բայրամովն ընդգծել է, որ չնայած Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային պահանջների՛՛ (չակերտները-խմբ.) պահպանումը և ՛՛այդ երկրի արագ սպառազինումը՛՛ ՛՛վտանգ են ներկայացնում՛՛ խաղաղության օրակարգի առաջխաղացման համար: