Արտադրվում են արհեստական հավկիթներ․ ինչպե՞ս խուսափել

Համացանցում շրջանառվում են տեղեկություններ արհեստական հավկիթների պատրաստման վերաբերյալ: Այս երևույթը հատկապես ակտուալ է դարձել բնական հավկիթների գների զգալի թանկացման ֆոնին: Համային հատկանիշներով արհեստական հավկիթները բավականին մոտ են իրականին, առանձնապես երբ դրանք օգտագործվում են ձվածեղի պատրաստման մեջ: Թեև արտաքին տեսքով նման կեղծիքները դժվար է առանձնացնել, սակայն գործնական ճանապարհով դրանց տարբերակումը միանգամայն հնարավոր է:
Պատրաստման ընթացքում ավելի հեշտ է տարբերել արհեստական հավկիթները: Առաջին նշանը՝ քիմիական հոտն է և «ռետինանման» համը: Բացի այդ, եփելուց հետո այդպիսի «հավկիթների» «դեղնուցը» եզրերից կապույտ չի դառնա: Սառնարանում դրանց «դեղնուցը» կմնա պլաստիկ, իսկ իրականը կփշրվի: Իսկ կեղծիքի «սպիտակուցը» կդեղնի և կքայքայվի: Տապակելիս սպիտակուցի մակերեսին կհայտնվեն բազմաթիվ պղպջակներ, ինչը պետք է զգուշացնի սպառողին: Եթե կոտրել արհեստական հավկիթը, որոշ ժամանակ անց «սպիտակուցը» և «դեղնուցը» կվերածվեն միատարր զանգվածի: Բացի այդ, կեղծիքի «կեղևը» կայրվի, եթե այն վառել, մինչդեռ իրական հավկիթների հետ նման բան չի պատահի:
Արհեստական հավկիթների «բաղադրատոմսը» ներառում է մի շարք բաղադրիչներ՝ կալցիումի կարբոնատ, կալիումի կարբոնատ, կալիումի ալգինատ, ալյումինակալիումային շիբ, կալցիումի քլորիդ, բենզոյական թթու, պարաֆին, գիպս, կիտրոնաթթու, ժելատին և սննդային ներկ: «Սպիտակուցը» ստանալու համար տաք ջրում լուծում են կալիումի կարբոնատ, իսկ հետո այդ հեղուկը խառնում կալիումի աղերի, ժելատինի, բենզոյական թթվի և շիբերի հետ:
Արդեն մի քանի տարի է, ինչ փորձում են ստեղծել հավկիթի բուսական այլընտրանք, ինչպես արվել է բուսական կաթի կամ մսի դեպքում: Այլընտրանքային «հավկիթների» բաղադրության մեջ, ի տարբերություն քիմիական արհեստականների, մտնում են միանգամայն ուտելի բաղադրիչներ: Հիմնական բաղադրիչը՝ սպիտակուցային մեկուսացքն է՝ ստացված հատիկաընդեղեն մշակաբույս մաշից: Բացի այդ, ավելացնում են ջուր, քրքում, գազարի մզվածք (գույն ստանալու համար), նիզին որպես կոնսերվանտ, կանոլայի յուղ, չորացրած սոխ և բնական համային հավելումներ:
Բժիշկները զգուշացնում են՝ արհեստական հավկիթների օգտագործումը սննդի մեջ առաջացնում է աղեստամոքսային համակարգի լուրջ խանգարումներ: Իսկ որոշ գիտնականների կարծիքով, արհեստական հավկիթներով երկարատև սնվելը կարող է նպաստել թուլամտության (դեմենցիայի) զարգացմանը: