Առգրավվել է ավելի քան 2 կգ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ:
Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում և ավտոտնակում հայտնաբերվեց պոլիէթիլենի և թղթե 29 փաթեթ` մարիխուանայի նմանվող 2 կգ 173 գրամ ընդհանուր քաշով:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է, 3-4 տարի առաջ ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից և պահել անձամբ օգտագործելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: