Ամեն ինչ շատ պարզ է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ. Թրամփը վերականգնել է առավելագույն ճնշումը Թեհրանի նկատմամբ

5183136c2a929253c16b7950e97e6f7a-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը ստորագրել է Ազգային անվտանգության նախագահական հուշագիրը, որը վերականգնում է առավելագույն ճնշումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության նկատմամբ, մերժում է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները և հակազդում Իրանի վնասակար ազդեցությանը արտերկրում:

Թրամփը նշել է, որ երջանիկ չէ այս փաստաթուղթը ստորագել, սակայն այս հարցում մեծ ընտրություն չունի: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կփորձի հասկանալ՝ արդյոք հնարավոր է Իրանի հետ գործարք կնքել, որպեսզի բոլորը կարողանան միասին ապրել:

«Եվ գուցե դա հնարավոր է, գուցե՝ ոչ… Ամեն ինչ շատ պարզ է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, այդ թվում` Իրանի նկատմամբ կոշտ լինել, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», – նշել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ Իրանը բավականին մոտ է միջուկային զենք ունենալու նպատակին: