ԱԺ անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին

screenshot-3_99-770x_

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը քիչ առաջ խորհրդարանում նամակ փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ կոշտ տոնով պահանջում էր լրագրող Ջեբեջյանն իր կողքից հեռանա ու մաքրի շրթունքները: Անդրանիկ Քոչարյանը հետո հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել:

Փաշինյանը մոտեցավ, նամակը վերցրեց, որևէ բան, սակայն, չասաց, հարցերին չպատասխանեց:

Նամակը ստորագրել է 161 լրագրող, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել:

«Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ՝ որպես ՔՊ վարչության նախագահ, իր օժանդակությունը, աջակցությունը, որպեսզի քննի գոնե և՛ թիմի ներսում, և՛ թիմից դուրս իր թիմակցի վարքը, որովհետև իմ կարծիքով՝ մեր երկրում նման պատգամավոր ունենալն անթույլատրելի է, նման բառապաշարով:

Հույս ունեմ, որ վարչապետն այսքան լրագրողի հորդորին անպայման տեղի կտա,  որովհետև երբևէ այսքան լրագրող՝ 161, համախմբվածություն չեն դրսևորել և պահանջ չեն ներկայացրել իրեն որևէ դեպքով», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը:

Այսօր ԱԺ նիստի ժամանակ լրագրողները փորձեցին նաև պաստառ պահել օթյակից, որպեսզի կառավարության ու օրենսդիր մարմնի անդամներին տեսանելի լինի, սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին նրանց: