Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է MH17 չվերթի կործանման համար. ICAO-ի Խորհուրդ

screenshot-2025-05-12-231658-770x_

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհուրդը այսօր որոշում է կայացրել, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է MH17 չվերթի կործանման համար և այդպիսով խախտել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան, որը հայտնի է որպես Չիկագոյի կոնվենցիա։

ԻԿԱՕ-ի խորհուրդը նման որոշում է կայացրել 2022 թվականին Նիդեռլանդների և Ավստրալիայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ հարուցված գործի առնչությամբ՝ կապված 2014 թվականի հուլիսի 17-ին MH17 չվերթի կործանման հետ: Խորհուրդը պաշտպանել է Նիդեռլանդների և Ավստրալիայի հայցը:

«Ինձ գոհացնում է ԻԿԱՕ-ի խորհրդի այս որոշումը, նախ և առաջ MH17 չվերթի կործանման հետևանքով զոհվածների հարազատների համար դրա կարևորության պատճառով։ Դա չի կարող խլել նրանց վիշտն ու ցավը, բայց դա կարևոր քայլ է ճշմարտության հաստատման և արդարության հասնելու համար։ Այս որոշումը նաև հստակ ազդանշան է ուղարկում միջազգային հանրությանը. պետությունները չեն կարող անպատիժ կերպով խախտել միջազգային իրավունքը»,-հայտարարել է Նիդերլադների Արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։

Առաջիկա շաբաթների ընթացքում ԻԿԱՕ-ի խորհուրդը կքննարկի, թե փոխհատուցման որ ձևն է տեղին: Այս համատեքստում Նիդեռլանդները և Ավստրալիան ICAO-ի խորհրդին խնդրում են Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցնել բանակցություններ սկսել Նիդեռլանդների և Ավստրալիայի հետ և նպաստել այդ գործընթացին։

Հիշեցնենք, որ մալայզիական ավիաուղիներին պատկանող Boeing 777-ը 2014թ. կանոնավոր չվերթ էր կատարում Ամստերդամից Կուալա Լումպուր և այն խոցվեց Ուկրաինայի արևելքում: Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերի կողմից իրենց կողմից վերահսկվող Դոնեցկի շրջանի տարածքում, սակայն Ռուսաստանը մինչ այժմ էլ չի ընդունում իր մեղքը մալայզիական օդանավի խոցման հարցում: