Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

2001505317-0-56-1152-704-1920x1080-80-0-0-e2affbf24efcf37aecd14f7c341f6b4e-770x_

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ին, ի թիվս այլնի, քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 17-18-ն Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկերոջ հետ: Նրանք կշարունակեն կարծիքների մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Հրավային Կովկասում և Կասպից ծովում իրադրությունը»,- ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։  Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով և երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների շարունակական խորհրդակցությունների շրջանակում։

Այցի ընթացքում Արաղչին նախատեսում է քննարկել և կարծիքներ փոխանակել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների վերաբերյալ։