Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

09d04d36d3beb620971ffce92bfa6af9-1-750x375-770x_

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մեդալակիր մարզիկները, մարզիչներն ու բժշկական անձնակազմի անդամները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է գրանցած արդյունքների կապակցությամբ:

«Պատմության մեջ առաջին անգամ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները մեկ առաջնության ընթացքում լավագույնն են ճանաչվել: Բազմաթիվ անելիքներ ունենք հատկապես Երևանում կայանալիք աշխարհի 2027 թվականի առաջնությանն ու Լոս Անջելեսում 2028 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով հավաքականի գլխավոր մարզիչներին, մարզիկների անհատական մարզիչներին, բժիշկներին: