Դու անկախության ձախողման և բոլոր պարտությունների սիմվոլն ես. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

befunky-collage-54-1540x_

Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և անդրադառնալով նրա երեկվա հանդիպմանը Գարեգին Երկրորդի հետ։

«Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք:

Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես: Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար», – գրել է Սիմոնյանը:

Նախօրեին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Զրույցի ընթացքում առաջին նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։